Խորակերտ

Ճանապարհը, որ տանում է Խորակերտ, շնչում է առասպելական հնությամբ և խորհրդավոր լռությամբ: Հսկա հազարամյա ծառերը այնպես են խոնարհվել ճանապարհին, որ կարծես հազար տարի է այս տեղերով չի անցել մարդ արարածը: Եվ հանկարծ անտառի անթափանց կանաչի հետևից, անմիջապես այցելուի առջև են հայտնվում վանքի հզոր պարիսպներն իրենց ահռելի աշտարակներով: Ներս մտնելով միակ դարպասից՝ անմիջապես աչքի է զարնում երբեմնի բազմամարդ հսկայական վանքային համալիրի ավերակները, այժմ այդ համալիրից կանգուն է միայն գլխավոր եկեղեցին և գավիթի պատերը իրեն վրա հենվող կամարներով: Արտաքուստ եկեղեցին ոչնչով չի տարբերվում հայկական ճարտարապետական այլ կառույցներից: Այն իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ, գավիթը - տիպիկ հայկական խաչագմբեթ գավիթների դասին պատկանող կառույց է: Արտաքուստ և ներքուստ Խորակերտի շինությունները ոչ մի արտառոց դետալ կամ քանդակ կամ որմնանկար չունեն, բայց բավական է մարդն իր հայացքը վեր բարձրացնի դեպի գմբեթ և հիացումի զգացումը անմիջապես պարուրում է մարդու հոգին:Գմբեթի արտաքին տեսքից ստացած այս տպավորությունը բացատրվում է թմբուկի անսովոր, մինչ այդ ոչ միայն հայ և համաշխարհային ճարտարապետության մեջ նախօրինակը չունեցող տասը նիստանի ձևն է: Իհարկե, այս անբացատրելի ճարտարապետական ձևը անսովոր, նույնիսկ անհեթեթ է թվում, մինչև որ այցելուն մտնում է եկեղեցի: Եվ այստեղ եկեղեցում կատարվում է հրաշքը, նույնիսկ ճարտարապետության գաղտնիքներին անծանոթ մարդը հասկանում է հայկական մտքի հանճարեղ լուծումը, որն այնքան անհեթեթ և անպաճույճ էր դրսից: Այնքան անսովոր և հրաշալի է Խորակերտի թևածող գմբեթը, որ ներսում գտնվող մարդը հոգեկան անբացատրելի վերացման մեջ է գտնվում, կարծելով, որ վիթխարի գմբեթը առանց հենման կետերի երկնքից կախված է եկեղեցու վրա՝ հիմք ունենալով միայն լուսեղեն պսակը: Խորհրդավոր այդ տեսարանը գերում է նույնիսկ ամենասկեպտիկներին, այն կարծես երկնքից կախված տաճար լինի: Եկեղեցին հիմնականում XI դարի կառույց է, որի վերին մասը լրացվել է 1251 թ։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք