Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր տոհմերի` Բագրատունիների և Զաքարյանների հետ: Քոբայրը, որպես մենաստան, XIII դարի կեսերին արդեն կազմավորված ու հռչակված էր: Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, քարի մշակման և հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով: Այն միջնադարի կարևոր գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկն էր, որի հետ է կապվում XII դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: