Մեղրին գտնվում է Մեղրի գետի ստորին հոսանքի վրա` ձգված նեղ գետահովտի երկարությամբ: Ունի հարավային տաք կլիմա, այստեղ աճում են քաղցրահամ մրգեր, որից էլ, հավանաբար, առաջացել է Մեղրիի անունը: Քաղաքի համար պաշտպանական մեծ դեր է կատարել Մեղրիի բերդը, որը գտնվում է ավանի հյուսիս-արևելյան լեռնաշղթայի գագաթների վրա: Մեղրիի յուրաքանչյուր թաղ ունեցել է իր եկեղեցին: Ձախափնյա թաղի մինչ այժմ պահպանված ս. Աստվածածին եկեղեցին (17-րդ դար) քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի բեմի պատերը, մույթերը, ավանդատները զարդարված են 19-րդ դարի որմնանկարներով: Գետի աջակողմյան թաղի ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (17-րդ դար)եռանավ բազիլիկ է: Մեղրիի կենտրոնական մասը եղել է ձախափնյա Մեծ թաղի եկեղեցու շուրջը` լեռան լանջն ի վար ամֆիթատրոնի ձևով իրար հաջորդող տների շարք, որոնցից յուրաքանչյուրի կտուրը վերինի համար ծառայել է որպես բակ: Ճարտարապետական և ազգագրական ուշագրավ տեսք ունեն ոլորապտույտ փողոցներն ու նրբանցքները: Քաղաքի արևելյան կողմում է գտնվում Մեղրիի ս. Հովհաննես վանքը (11-13-րդ դարեր):