Մարմաշենի վանքային համալիրը գտնվում է Երևանից 120 կմ հեռավորության վրա, Գյումրի քաղաքի մոտ: Այն կառուցվել է 986-1029 թթ. ընթացքում Վահրամ Պահլավունի իշխանի կողմից: Երբեմն Մարմաշենի վանքը անվանում են նաև Վահրամաշեն: Վահրամ Պահլավունին Բագրատւնի արքաների կառավարման վերջին շրջանում Հայոց սպարապետն էր, լեգենդար զորահրամանատար, որ 1045 թ. երեք անգամ Անի մայրաքաղաքի պատերի տակ ջախջախեց Բյուզանդական բանակը: Վանքային համալիրը Հայաստանի ճարտարապետության անզուգական գոհարն է, այն իր վրա է կրում համաշխարային ճարտարագիտության հանճար Տրդատի կնիքը: Այստեղ Տրդատն ամեն ինչ արել է, որպեսզի կարողանա բավարարել քմահաճ, հզոր առասպելական զորավարի կամքը: Վանքային համալիրը կարծես հայկական ճարտարապետական դպրոցների համաձուլվածք լինի: Բաղկացած լինելով չորս եկեղեցիներից և մեկ գավիթ-դամբարանից, այն իրենից բացարձակորեն տարբեր կառույցների չափային նուրբ միասնություն է: Առանձնահատուկ է նաև շրջակա միջավայրը: Վանքը գտնվում է Ախուրյան գետի ժայռոտ ափամերձ բարձրունքին, շրջապատի բլուրները ամբողջովին ոսկեգույն են հասած ցորենի ցանքերով, իսկ բուն վանքի շրջապատը խնձորի այգիներ: Ոչ մի մարդ, որն իր հոգու խորքում գրեթե մի փոքր նկարիչ է, չի կարող չցնցվել այդ պատկերից. անծայրածիր ոսկեգույն բլուրներ՝մեջտեղում զմրուխտ կանաչ, իսկ կենտրոնում՝ մուգ կարմիր տուֆից դեպի երկինք խոյացող վանքային զարմանալի նրբագեղ կառույց: Երևի սա միակ դեպքն է աշխարհում, երբ մարդու իրական կյանքը լեգենդ է դառնում կենդանության օրոք և հավերժանում է մի այլ հանճարի՝ Տրդատի ստեղծած հեքիաթում: