Դադիվանքի հնագույն վանական համալիրը գտնվում է Արցախում` Մռավ սարի անտառապատ լանջերին` Թարթառ գետի ձախ ափին։ Ըստ ավանդության, կառուցվել է դեռևս I դարում՝ Սուրբ Դադեի գերեզմանատեղիում։ Վանական համալիրում կան տարբեր շինություններ`2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն և այլն:Դադիվանքի գոհարը սրբ. Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թ. կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների: Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են XII - XIII դարերի դեպքերի մասին։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սրբ. Դադի առաքյալի մասունքները: Վերջինս հանդիսանում էր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը և քրիստոնեությունը էր քարոզում արցախահայության մեջ: