Անի

961 թվականին Աշոտ Գ Բագրատունին իր մայրաքաղաքը Ղարսից տեղափոխում է Անի։ Ականատես պատմիչների վկայությամբ Անին շուտով դառնում է աշխարհահռչակ քաղաք։ Նա զարդարվում է բազմաթիվ տուֆակերտ գեղեցիկ կոթողներով, որոնցից շատերն ունեն համաշխարհային արժեք։ Անին իր ծաղկման գագաթնակետին հասավ 10-րդ դարում։ Անիից, այդ հարուստ ու բարեշեն քաղաքից, մնացել են բազմաթիվ պալատներ, եկեղեցիներ և քաղաքը շրջապատող պարիսպների ավերակներ։ Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի միջնաբերդը։ Անիի շենքերը, եկեղեցիները հայ ճարտարապետության լավագույն գործերն են։ Ամենից շատ, իր ճարտարապետական ոճով հայտնի է Անիի Մայր եկեղեցին, որը կառուցել է Տրդատ ճարտարապետը։ Անիի մայր եկեղեցին իր գեղեցիկ քանդակների, արտաքին զարդարանքների հետ միասին ունեցել է նաև մի այնպիսի առանձնահատկություն, որ համաշխարհային ճարտարապետության մեջ հետագայում ձևավորվեց իբրև գոթական ոճ։ Մայր եկեղեցին հիացնում է մինչև այսօր։ Մյուս կոթողներից նշանավոր է Գրիգոր Լուսավորիչ կամ Գագկաշեն տաճարը, որը ըստ Գագիկ Ա թագավորի պետք է նմանվեր Զվարթնոցին։ Հիասքանչ կառույցներ են նաև Աբուղամրենց եկեղեցին, ինչպես նաև սրբ. Գրիգոր եկեղեցին, որը կառուցել է Տիգրան Հոնենցը։ Անիի նշանավոր պարիսպները շինված են սրբատաշ քարից` 10-12 մետր բարձրությամբ, կիսաբոլոր և քառակող բազմաթիվ բուրգերով ու աշտարակներով, որոնք գեղեցկացրել են քաղաքի համայնապատկերը և ձգվում են 2,5 կիլոմետր և որոնք կառուցել է Սմբատ Բ թագավորը։ Պարիսպների մեջ իբրև զարդ գործածվել են տարբեր գույնի քարեր, որոնք տեղ-տեղ գոտիներ են կազմել, իսկ տեղ-տեղ դասավորվել են շախմատաձև։ Որոշ տեղերում պարիսպների պատերին կերտվել են կենդանիների բարձրաքանդակներ, որոնք առանձին շուք են տվել պարսպին։ Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված հինգ քարաշեն և միաթռիչք կամուրջներով, որոնք բոլորն էլ ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։ Այդ կամուրջները իրենց ժամանակի համար եղել են խոշոր կառուցվածքներ, ունեցել են գեղեցիկ ձևավորում և բարձրադիր թռիչք։ Այսպիսին է Բագրատունյաց ոստանը՝ շողշողուն Անին, որի ամբողջական պատկերը, նրա վեհությունը, հատկապես Մայր տաճարը շատ լավ ու մոտիկից երևում են Ախուրյանի ափից: Անին այժմ էլ մնացել է հազվագյուտ, անաղարտ միջնադարյան քաղաք, որը չի ենթարկվել հետագա դարերի վերակառուցմանը։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք