Արագած լեռան արևելյան լանջին, մոտ 2500 մ բարձրության վրա, Ամբերդ և Արխաշան լեռնային գետերի առաջացած խոր կիրճերով ձևավորված եռանկյան հրվանդանի վրա է գտնվում միջնադարյան Հայաստանի ամենահռչակավոր բերդերից մեկը` Ամբերդը, X-XIII դդ.: Բացառիկ հարմար ստրատեգիական դիրքը և ժամանակի հզոր իշխանների մի ողջ սերունդի (Պահլավունիներ, Զաքարյաններ, Վաչուտյաններ) կատարած շինարարական աշխատանքները Ամբերդը վերածել են ռազմական արվեստի բնորոշիչ օրինակի: Այս ամրոցում է գտնվել նաև իշխանական պալատը: Ամրոցը մինչ այժմ կանգուն է և իր մոնումենտալությամբ հզոր տպավորություն է թողնում այցելուների վրա: Աներևակայելի տպավորիչ է իշխանական դղյակի պատուհաններից բացվող տեսարանը դեպի Արարատի սառցապատ գագաթները և ներքևում փռված Արարատյան դաշտը: Դղյակը ունի եռահարկ շինվածք: Առաջին հարկում զինապահեստներ են և ջրի ռեզերվուարները: Ամբերդում լավ պահպանված է նաև իշխանական բաղնիքը՝ հոյակերտ հորինվածքով: Այստեղ պեղումների ընթացքում հայտնաբերվեցին զարմանալի նրբագեղ դրվագված բրոնզե ջրածորակներ՝ տաք և սառը ջրի: Դեռևս ոչ մի նվաճողի չի հաջողվել ընկճել Ամբերդի հզորությունը: Այն հայկական լեռնական ոգու անընկճելի խորհրդանիշն է: