Տղամարդը հայկական ընտանիքում համարվում է ընտանիքի գլուխը, կարելի է ասել նրա օրենսդիրն ու պաշտպանը, նա չի զբաղվում ընտանիքի ներքին կենցաղային գործերով(դա անպատվաբեր է համարվում): Նա զինվոր է, ուժի ու իմաստության խորհրդանիշ, ամենածանր գործը վստահվում է միաjն տղամարդուն, նա պետք է տուն կառուցի և պահպանի: Հողագործությունը հայ տղամարդու մենաշնորհն էր, ինչպես նաև առևտուրն ու արհեստը, նա ընտանիքի կերակրողն է և պատիվը: Հաճախ տղամարդու անունը նույնացվել է տվյալ ընտանիքի պատվի արժեքի հետ: Վար անելը և սերմ ցանելը Հայաստանում նույնացվել է աստծու կողմից աշխարհն արարելու գաղափարի հետ: Այդ պատճառով սերմնացան լինելու իրավունք ամեն ոք չուներ: Սերմնացանը գյուղի ամենահարգված մարդն էր` բազմազավակ գերդաստանի հայր, որի երեխաներն անպայման պետք է արական սեռի լինեին: Ըստ այդ ժամանակվա պատկերացումների` աղջիկ ունենալը հավասար էր անզավակության: Տղամարդու իշխանության խորհրդանիշը փափախն էր: Հաճախ, եթե փեսացուն բացակայում էր հարսանեկան ծեսից, նրան փոխարինում էր փափախը: