Խաշ

Ավանդական հայկական և կարելի է ասել բացառիկ հայկական կերակուր: Հայերը ՙխաշ՚ կերել են անհիշելի ժամանակներից, սկզբում այն եղել է ՛աղքատաց կերակուր՛, այնուհետու վերաճել է ազգայինի և նույնիսկ ճաշկերույթն իր մեջ պարունակում է հպարտության, արժանապատվության և դիմացինին մեծարելու խորհուրդը: ՙԽաշը՚ անհատական կերակուր չէ: Հնարավոր չէ գտնել մի հայի, որ միայնակ ՙխաշ՚ ուտի: ՙԽաշը՚ խմբակային կերակուր է, նույնիսկ ՙխաշի՚ սեղանին պետք է անպայման հյուր լինի, որ տան տերը, մի քիչ էլ պարծենալով, պարտադիր նշի, որ իր դրած ՙխաշը՚ ամենալավն է Հայաստանում, որ հայերի մեջ միայն ինքը գիտի ՙխաշ՚ դնելու գաղտնիքը: ՙԽաշը՚ պատրաստվում է հետևյալ կերպ՝ վերցվում են տավարի ոտքերը/սրունքներից ներքև/ և բծախնդորեն մաքրում մազերից և կճղակներից: Այդ պրոցեսը տևում է մեկ ամբողջ օր: Այնուհետև կտրատում են ոտքերը և ջրով մաքրում, եփում են այդ ոտքերը մեկ ամբողջ օր, մինչև այն վերածվում է ոսկրածուծի մածուծիկ սպիտակ խյուսի: ՙԽաշ՚ հայերը ուտում են առավոտյան վաղ՝ ժամը 6:00-9:00 ընկած հատվածում: ՙԽաշ՚ ուտելու պրոցեսը հայերի մոտ, ինչպես և պատրաստելը, մի ամբողջ արարողություն է: Գիշերը պատրաստում են լավաշը/ հայկական հաց/, ամբողջովին այն չորացնում են: Առավոտ վաղ հրավիրվածներին տանտերը մատուցում է ՙխաշը՚ և չորացրած լավաշը: Խաշի սեղանին պարտադիր դրվում է ՙխաշի՚ ջրով պատրաստած սխտորը, բողկ, պանիր, կանաչի և թթու, ուրիշ ոչինչ: Իհարկե, մոռացանք ասել, սեղանին պետք լինի անսահմանափակ քանակությամբ օղի: Գինի ՙխաշի՚ ժամանակ հայերը չեն օգտագործում: Հրավիրվածները նույնպես պարտադիր պետք է մեկական շիշ օղի բերեն իրենց հետ: ՙԽաշի՚ ժամանակ տանտերը կամ թամադան պետք է ասի ՙխաշի՚ 7 պարտադիր կենացներ, որոնք բոլորը պետք է խմեն ըստ հերթականության, իսկ այնուհետև, ով ինչքան կցանկանա: Օղին խմում են 100 գրամ գավաթներով: ՙԽաշը՚ միակ կերակուրն է, որ ուտում են մատներով: Պրոֆեսիոնալները մանրացնում են լավաշը և լցնում խաշամանի մեջ: Սա միակ կերակուրն է հայերի մոտ, որ թույլատրվում է, նույնիսկ ռեստորաններում, ուտել մատերով, նույնիսկ եթե դա երկրի նախագահն է, ամենևին էլ անհարմար չէ: Ավելին, հայերի մոտ ասացվածք կա՝ իսկական ՙխաշը՚ մատերով պետք է ուտել: Գոյություն ունի ՙխաշի՚ սեզոն՝ նոյեմբերի 16-ից մինչև մարտի 20: Ամռանը հայերը ՙխաշ՚ ուտում են Արագածի գագաթամերձ մասում կառուցված հատուկ խաշանոցներում՝ ծովից 3800 մ բարձրության վրա: Մեկ ավելացում ևս, իսկական ՙխաշ՚ ուտողները ուտելուց մեկ ժամ հետո նստում են խորովածի սեղանի շուրջ անուշ անելու հայկական խորոված՝ գառան և խոզի մսից: Հայերն իսկական գուրմաններ են: Երևի աշխարհի միակ գուրման ժողովուրդը, որոնք գիտեն լավ ուտել, խմել և ստեղծագործել:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք