Հնում հայ կնոջ համար պարտադիր է համարվել գորգագործությանը տիրապետելը: Աղջիկը շատ վաղ հասակից պատրաստվում էր ամուսնության և պետք է ամեն ինչ կարողանար անել` և՛ գորգ գործել, և՛ կարել: Օժիտը հարսնացուի ձեռքի աշխատանքն էր: Սովորաբար վարպետը թելադրում էր գորգը, իսկ երիտասարդները գործում էին: Սկզբում վերցնում էին մեկ հենքաթելը, հետո դրա դիմացի հենքաթելը, և ստացվում էր կրկնակի հանգույցը: Սա հայկական հանգույցն է: Հայկական ավանդական տան ներքին կահավորանքի կարևոր մասն է ծալքապահարանը, որի վերին անկյունում պահվում էր ծալքը: Ծալք էր կոչվում հայկական ավանդական անկողինը, որովհետև այն ծալում էին և հավաքում պահարանում: Ծալքապահարանի ներքին հատվածում պահում էին չորացրած մրգեր, բանջարեղեն, իսկ վերին անկյունում` ավելի կարեւոր իրեր: Պահարանի բոլոր դռները, բոլոր ամբարները, մառանները փակվում էին բանալիներով: Բանալիների կույտը, ինչպես շերեփը եւ գոգնոցը, կնոջ իշխանության խորհրդանիշն էր: Այս կույտն իր զգեստի ծալքերում էր պահում տան ամենամեծ կինը` տատիկը: