Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի ամենամեծ օդանավակայանն է: Այն գտնվում է Երևանից 10 կմ դեպի արևմուտք: Օդանավակայանը բացվել է 1981-ին։ 2002 թ. հուլիսին ՀՀ կառավարության և ''Corporation America'' ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց 30 տարի ժամկետով։ Այս ընկերությունը մեծ ներդրումների շնորհիվ Զվարթնոց օդակայանը վերածել է տարածաշրջանի խոշորագույն միջազգային օդային կայանի, կառուցվել է նոր 3850մ երկարությամբ և 60մ լայնությամբ թռիչքուղի: Օդանավակայանի նոր համալիրը ունի ժամանման և մեկնման նոր սրահներ: Նոր համալիրի տարածքը կազմում է 18.500քմ., ունի 6 ելք և 5 տելեսկոպիկ կամուրջ: Համալիրը տարեկան կտրվածքով, կարող է սպասարկել 2 միլիոն ուղևորի: Օդանավակայանում շինարարական բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո, որը նախատեսված է մինչև 2011թ-ը, այն տարեկան կարող է սպասարկել 3 միլիոն ուղևորի: