1173 թ.Սիսը հռչակվել է Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք։ Սիսը հիմնովին պարսպապատել ու ճոխացրել է Լևոն Բ-ն։ Քաղաքի հուշարձաններից հայտնի են Հեթում Ա թագավորի հիմնադրած ապարանքն իր ճոխ քանդակներով ու մարմարյա սև սյունաշարով։ Սիսի բերդը եռապարիսպ է և եռադարպաս` հզոր աշտարակներով բաժանած երեք մասի, որոնք միմյանց կապվում են քարակերտ ուղիներով։ Բերդի հարավային կողմում ներքնաբերդն է, կամ բուն դղյակը, ուր վտանգի ժամանակ պատսպարվել է արքունիքը։ Մայրաքաղաքն ունեցել է մի քանի տասնյակ եկեղեցիներ ու վանքեր։ Սիսի բարեգործական հիմնարկներից հայտնի է Զապել թագուհու հիվանդանոցը, որի հիմնադրման մասին մարմարե քարի վրա պահպանվել է թագուհու արձանագրությունը։ Սիսը կործանվել է 1375թ. Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆի կողմից: