Մուշի պատմությունը սկսվում է խոր հնությունից։ Այստեղ հայտնաբերված է Վանի` Մենուա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Քաղաքի շրջակայքում նկատվում են կիկլոպյան ամրոցների հետքեր։ Տարբեր ժամանակներում Մուշում հիշատակվում են 7 եկեղեցիներ։ Քաղաքն օղակված է հնություններով ու պատմական կարևոր հուշարձաններով։ Նրա արևմտյան մասում տեղադրված էր բերդը, մյուս հնություններից ուշադրության արժանի են նրա արևմտյան կողմում գտնվող Մուշեղյան բերդի, արևելյան կողմում տեղադրված Աստղաբերդի և հարավում գտնվող Հողեբերդի ավերակները։ Մուշի մշակութային կյանքում կարևոր դեր է խաղացել Առաքելոց վանքը։ Մուշից առանձնապես հմայիչ է երևում Մշո դաշտի «փարոսը»՝ Նեմրութը` Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն լեռնագագաթներից մեկը: