Խոշաբ կամ Հայկաբերդ Ամրոցը գտնվում է Հայոց ձոր գավառում` Խոշաբ գետի ափին` Խէք գյուղի մոտ: Ավանդությունն այս տեղի հետ է կապում Հայկի մենամարտը Բելի հետ: Այստեղ Բելսար կամ Բելիսար լեռան վրա Հայկը հաղթում է Բելին և ցրիվ տալիս նրա բանակը: Ճակատամարտի տեղում Հայկը կառուցում է Հայք կամ Հայկաբերդ դաստակերտը, որի անունով այնուհետև գավառը կոչվել է Հայոց ձոր։ Ամրոցը լավ պահպանված է, այն կանգնած է բարձր ու անմատչելի ժայռի վրա: Վիթխարի աշտարակներն այսօր էլ սարսափ են ներշնչում անցորդներին: Այս բերդի մոտից է սկիզբ առնում նշանավոր Մենուայի ջրանցքը: