1950 թվականներին, երբ Սևանա լճի մակարդակը մի քանի մետրով իջավ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի արևելյան կողմում հնէաբանները հայտնաբերեցին հնագույն դամբարաններ: Այստեղ է գտնվել սեպագրերում հիշատակվող Իշտիկունի քաղաքը: Այն զարգացած է եղել, ինչի հիմնական ապացույցն ու վկայությունը մեր օրերում գտնված երկանիվ և քառանիվ սայլերն են, ճաղավոր անիվներով ռազմակառքերը ու արծաթե և ոսկե իրերը՝ պատրաստված մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին: Հնագույն բնակավայրի սկզբնավորումը վերագրվում է մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակին, երբ այստեղ սկզբում բնակավայր, հետո՝ բերդաքաղաք է հիմնվում: Հայտնի է, որ 3-րդ հազարամյակում ամրոցի վերածված Իշտիկունիում անգամ միջնաբերդ և լողարան է եղել: Այսօր բերդաքաղաքից մի քանի պատ է պահպանված` մեծ հսկայական որձաքարերով: Քաղաքի կենտրոնում գտնվող միջնաբերդից պահպանվել են ողորկ քարերից կառուցված պատեր, համաչափ սենյակների հետքեր: