Խարբերդի բերդը գտնվում էր Հայկական Տավրոս լեռնահամակարգի մի լեռնագագաթի վրա: Պարսպապատեր էին կառուցել միայն նրա հյուսիսային և արևելյան կողմերից։ Մուտքի մոտ դեռևս պահպանվում են պարսպահատվածները, կրկնակի դռներ, աշտարակներից շատերը կործանված են։ Կանգուն են արևելյան պարսպի առանձին հատվածներ և մի աշտարակ։ Կիսակործան վիճակում մեզ են հասել կամարներ, ժայռափոր աստիճաններ, գաղտնի անցքեր, ճանապարհներ: Բերդի ձևը, շինարարական հնարքները և ոճը լիովին հայկական են` Վանի թագավորությունից ժառանգած ճարտարապետական տարրերով։