Վաղեմի Բերկրի բերդավանում կան հիշատակության արժանի պատմական հնություններ և զանազան կառուցվածքների ավերակներ։Դրանց մեջ, անշուշտ, ամենանշանավորը նրա բերդն էր: Բերկրիի բերդը գտնվում էր սեպաձև սև ժայռի վրա` կառուցված խոշոր քարերով և գրավելով բավական ընդարձակ տարածք։ Նրա մնացորդները նշմարվում են այսօր։ Այստեղ հայտնաբերված է Վանի թագավոր Մենուայի մի սեպագիր արձանագրություն, որտեղ խոսվում է Վանի թագավորի կողմից ոռոգման նպատակով Բերկրի գետից հանված ջրանցքի մասին։ Բերդավանի մոտ, համանուն գետի վրա, կա քարաշեն, բազմակամար մի կամուրջ։ Բերկրիի շրջակայքում են գտնվում հայ ժողովրդի պատմության և մշակութային կյանքում նշանակալի դեր խաղացած հնադարյան հայտնի Տեր Հուսկան Որդի վանքը: