Դարոյնքը Մեծ Հայքի հայտնի բերդերից էր` Բագրատունի նախարարների ոստանը։ Հետագայում, Դարոյնքի տեղում նոր բերդ է կառուցվում։ Վերջինիս կառուցման կիսաավանդական պատմությունը վերագրվում է օսմանյան սուլթան Բայազետ 1–ին և անունն էլ կապում սուլթանի անվան հետ։ Բայազետում պահպանվել են մի բուրգ և պաշտպանական պարիսպների առանձին հատվածներ։ Բայազետի հուշարձաններից առանձնահատուկ ուշադրության է արժանի ոմն Իսակ-փաշային վերագրվող պալատը (XVII դ.)։ Հատկապես գեղեցիկ են մուտքի դարպասը, բազմաթիվ սենյակներն ու դրանց պատերին արևելյան ոճով արված որմնանկարները, կիսավեր մզկիթը, որ վերածվել էր զորանոցի։ Ժամանակին այդ պալատը համարվել է թուրքական կայսրության ամենանշանավոր պալատներից մեկը։ Նրա դահլիճները մարմարապատ էին և զարդարված բազմաթիվ սյուներով, իսկ պատերը ծածկված էին արաբական ոճի քանդակներով։