Բաղեշը կամ Բիթլիս քաղաքը գտնվում է Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Համապատասխանում է Աղձնիք նահանգի Սալնոձոր գավառի գլխավոր բերդին, որը հսկել է Հայկական Տավրոսի ամենամատչելի բնական լեռնանցքը՝ Չորապահակը։ Տեղական ավանդազրույցը բերդի հիմնադրումը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Իբրև Ալեքսանդր Մակեդոնացին, որ արշավել էր Հայաստան, գնահատելով այս լեռնանցքի և մերձակա վայրերի նկատմամբ իշխող դիրքը` իր Լիս զորավարին հրամայել է այստեղ կառուցել բերդ։ Նորակերտ բերդն իբր այնքան անառիկ է եղել, որ Ալեքսանդրը վերադարձին այն չի կարողացել գրավել։ Իսկ երբ բերդի բանալիները կամովին հանձնել են Ալեքսանդրին, նա բերդն անվանել է Չար Լիս կամ պարսկերեն թարգմանությամբ՝ Բեդ Լիս (որտեղից Բիթլիս)։