Արճեշը գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին, լիճը թափվող Արճեշ փոքրիկ գետակի գետաբերանում։ Տարբեր ժամանակներում Արճեշը հիշատակվում է իբրև բերդաքաղաք և նավահանգիստ։ Գոյություն ունի ուրարտական ժամանակներից. նրա անունը կապում են ուրարտական Արգիշտի 2–րդ թագավորի (մոտ. 685 թ. մ. թ. ա.) անվան հետ։ Այստեղ պահպանվել են Արգիշտիի թողած երկու սեպագիր քարակոթողները, որոնցում հիշատակվում է քաղաքի, մի արհեստական լճի ու ջրանցքի կառուցման մասին։ Քաղաքն ունեցել է երկու եկեղեցի։ Նրա մոտ էր գտնվում Մեծոբա հայտնի վանքը: