Արծկեն գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին, մի փոքրիկ կղզու դիմաց գտնվող հրվանդանի վրա, որը լճի ջրերը բարձրանալիս նույնպես վերածվում էր կղզու։ Այստեղ պահպանվել է ուրարտական Ռուսա II թագավորի սեպագիր արձանագրություններից մեկը։ Հնագույն ժամանակներում, հավանաբար, այն եղել է ամրացված կետ` բերդաքաղաք։ Հին Արծկեն Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ է եղել X—XII դարերից։ Այն ամուր բերդաքաղաք էր` կրկնակի պարիսպներով պատած և երկար ժամանակ իր գոյությունը պահպանում էր կղզու վերածված մի փոքրիկ ցամաքամասի վրա։ Ունեցել է երկու ամրոց՝ մեկը լեռանստորոտում, որ ամբողջապես ծածկված է ջրով, իսկ մյուսը` լեռանգագաթին, որ կանգուն է։ Նույնիսկ XX դարի սկզբներին դեռևս նշմարվում էին ջրի մեջ անցած աշտարակների և եկեղեցիների գմբեթների ծայրերը: