Արդահանի բերդը գտնվում է պարսպապատ քաղաքի կենտրոնում, բարձր ու դժվարամատչելի ժայռաբլրի վրա։ Դրա կառուցման ժամանակը հայտնի չէ։ Միայն կարելի է պնդել, որ գոյություն ուներ հին ժամանակներից և վերափոխվել, ավելի էր ամրացվել Բագրատունիների օրոք։ Պարիսպները կառուցված են որձաքարի մեծ կոշտերից, իսկ բուրգերն ու դռների կամարները՝ սրբատաշ քարից և աղյուսից։ Բերդն ունի մի քանի դռներ։ Նրա արևմտյան դռան վրա քանդակված է Բագրատունիների զինանշանը՝ առյուծ, իսկ ներսում կան վիմագիր զանազան արձանագրություններ ու խաչքարեր։ Արդահանի հայկական եկեղեցիները թվով երկուսն էին, որոնք հին էին և կոչվում էին սրբ. Աստվածածին ու սրբ. Գևորգ: