Ծիծեռնավանքի եկեղեցին իր առանձնահատկություններով և ինքնատիպ հարդարանքով վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է: Եռանավ բազիլիկ է և հայկական նույնատիպ կառույցների միակ կանգուն ու լավ պահպանված օրինակն է: Ծիծեռնավանքը եղել է հեթանոսական տաճար` վերափոխված եկեղեցու: Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների` ներսը վաղ միջնադարի հայկական արվեստին հատուկ, հարուստ հարդարանք ունի: Մույթերը զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև, պարանահյուս ու օձակերպ քանդակներով, ութ ճառագայթանի աստղերով` ներգծված ուղղանկյան մեջ: Հյուսիսային պատին պահպանվել է որմնանկարի մի հատված՝ ողջ հասակով կանգնած երկու սրբերի պատկերով: