Էջմիածին

Էջմիածինը գտնվում է Երևանից 15 կմ հեռավորության վրա: Քրիստոնեական աշխարհի ամենահին տաճարն է՝ կառուցված պետության կողմից: Այն հիմնադրվել է 303 թ. Տրդատ III թագավորի կողմից: Հայ ժողովուրդը աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն 301թ. քրիստոնեության հռչակավոր քարոզիչ Գրիգոր Լուսավորիչի շնորհիվ: Էջմիածնի տաճարի կառուցումն էլ կապված է Գրիգոր Լուսավորիչի երազի հետ, որը, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, երազում տեսավ, թե ինչպես Հիսուս Քրիստոսը իջավ երկնքից և իր ձեռքի գավազանով ցույց տվեց այն տեղը, որտեղ պետք է կառուցել իր սուրբ տաճարը: Եվ այդ պատճառով տաճարը կոչվեց Էջ-միածին՝ միածնի իջման տեղ: Տաճարը գտնվում է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Վաղարշապատում, այժմ՝ Էջմիածին: Ճարտարապետական տեսանկյունից այն կենտրոնագմբեթ, խաչաձև հիմքի տաճար է, նմանատիպ առաջին կառույցը աշխարհում, որի նմանօրինակով կառուցվեցին աշխարհի շատ եկեղեցիներ, օրինակ՝ Ախենի տաճարը Գերմանիայում, Ժերմինյե դե Պրեն՝ Ֆրանսիայում, Սան Սեդիրոն՝ Իտալիայում, Աթոս լեռան վանքերը՝ Հունաստանում: Քրիստոնեական տաճարները Հայաստանում յուրօրինակ են: Նրանք իրենց ոճով նման չեն աշխարհում տարածված ոչ մի ճարտարապետական ոճի: Յուրաքանչյուր տաճար իր հիմքում կրկնում է քրիստոնեության խորհրդանիշը՝ խաչը: Գմբեթները բացառիկ նմանությամբ կրկնում են հայերի սուրբ լեռ Արարատի գագաթները: Նույնիսկ վանականները իրենց հագուստով զուգակցում են ազգայինը և կրոնականը: Էջմիածնի տաճարը ողջ Հայաստանի գլխավոր սրբատեղին է, աշխարհի հայերի հոգևոր հովիվ Կաթողիկոսի նստավայրը: Այժմ Էջմիածինը համարվում է հայոց հոգևոր մայրաքաղաք, քրիստոնյա աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկը՝ խոշորագույն ուխտագնացության կենտրոն: Տաճարն իր չափերով հսկայական է՝ 22,55 մ x 20,72 մ, նրա հարավային, հյուսիսային և արևմտյան կողմերից դուրս են շեշտված ներսից կիսաշրջանաձև դրսից հինգանիստ աբսիդները: Տաճարն ունի երեք մուտք: Քառանկյուն աղոթասրահի կենտրոնում տեղավորված են հատակագծում խաչաձև հատվածք ունեցող չորս հզոր մույթեր, որոնք միմյանց ու հանդիպակած պատերի հետ միացված են կամարներով: Մույթերի տեղադրությամբ առաջացած գմբեթական քառակուսու վրա բարձրանում են թմբուկն ու այն պսակող գմբեթը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք