Աղցք (Աղձք) գյուղը հայտնի է IVդ. կեսերին կառուցված դամբարանով, ուր ամփոփված են հեթանոս և քրիստոնյահայ Արշակունի թագավորների աճյունները։ Պահպանվել է խաչաձև հատակագիծ ունեցող քարաշեն երկհարկանի գետնափոր դամբարանի ստորերկրյա մասը։ Արևմտյան մուտքի երկու կողմերի և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը ծածկված են քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով։ IV դ. Պարսից Շապուհ II արքան, գրավելով Անի-Կամախ ամրոցը, բացել է հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել: Ըստ հեթանոս պարսիկների պատկերացման` հայ թագավորների ոսկորների հետ իրենց աշխարհը կփոխադրվեր նաև նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն հայոց զորքը, հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Աղցքում։