Սխտորաշեն գյուղի հանդամասում վեր է խոյանում մի հսկա չինարի ծառ, որին վերջերս անձնագիր է շնորվել, որպես աշխարհի ամենատարեց՝ 2033 տարեկան, ամենաբարձր ծառ: Չինարին ունի 44 քառակուսի մետր մակերեսով փչակ, որտեղ կարող են տեղավորվել հարյուրից ավելի մարդ: Ծառ-հսկայի բնի շրջագիծը հիմքում 27 մետր է, իսկ բարձրությունը՝ 54 մետրից ավելի, մոտ տասնութ հարկանի շենքի բարձրությամբ: Չինարու սաղարթի ստվերի մակերեսը կազմում է ավելի քան 1400 քառակուսի մետր: Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին: Իզուր չէ, որ ղարաբաղցիները սրբացրել են այն՝ դարձնելով ուխտատեղի և սրբավայր: Ծառի տակից բխում է մի հորդառատ, սառնորակ աղբյուր` Տնջրու աղբյուրը, որը դարեր շարունակ հագեցրել է հունձ ու կալ անող շինականի ծարավը, սնել հսկա չինարուն, ջրաղացի քարը շարժել: Ըստ պահպանված վիմագիր արձանագրության՝ աղբյուրը կառուցել են սխտորաշենցի Հովհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայելյանը և Մանաս Գասպարյանը: