Զվարթնոց

Զվարթնոցի հրաշակերտի համար մենք պարտական ենք Հայոց կաթողիկոս Ներսես Տայեցուն, 642-661, որին իր փառավոր շինարարական գործունեության համար ժողովուրդը անվանել է Ներսես Շինող:Այն ժամանակի աշխարհի հրաշալիքներից մեկն էր: Տաճարը, հիրավի, վիթխարի է եղել իր չափերով: Լինելով յոթ աստիճան լայնարձակ ստիլոբատի վրա՝ այն ունեցել է 59 մ բարձրություն, եռահարկ, ամբողջովին կառուցված գորշակապտավուն բազալտից և ծիրանագույն տուֆից: Զվարթնոցի հորինվածքը հաշվարկված էր դիտողի տեսողական ընկալման տեսանկյունից: Այն պետք է ազդեր մարդու վրա իր անսովոր գեղարվեստական շքեղությամբ: Տաճարը կանգուն է եղել 300 տարի և կործանվել է երկրաշարժից, ութը դար մնալով հողաշերտի տակ, հայտնաբերվել է մեր դարի սկզբին 1900-1907 թթ. կատարված պեղումներով: Հիմնական պեղումները Զվարթվոցում կատարել է հանճարեղ ճարտարապետ Թորամանյանը: Թորամանյանը 1905թ. արդեն ներկայացրեց տաճարի վերակազմության իր նախագիծը` ցույց տալով, որ այն, նման չլինելով վաղմիջնադարյան հայկական ճարտարապետական հուշարձաններից որևէ մեկին, իր մեջ ընդգրկում է նրանց լավագույն գծերը և նշանավորում է մի նոր աստիճան, մեր շինարվեստի այնպիսի հաղթանակը, որ հետագայում, մինչև X-XI դարերը` Անիի շրջանը, իր ազդեցության տակ պիտի պահեր հայոց հողի վրա կանգնող ամեն մի նշանակալից կառույց: Թորամանյանի վերակազմությունը բուռն վեճեր հարուցեց` ամենից առաջ թերահավատությամբ լցնելով ժամանակի հետազոտողներից շատերին, որոնց պնդմամբ` այն դարում չէր կարող կառուցվել եռահարկ, վիթխարի մի շինություն, որի վերին ծավալները հենվում են կամարների վրա: Սակայն շատ շուտով Անիի պեղումներից գտնվեց Զվարթնոցի օրինակով Գագիկ Բագրատունու կառուցած Ս. Գրիգորի եկեղեցու մանրակերտը, որն իսկ և իսկ այն էր, ինչ վերակազմել էր հայոց ճարտարապետության մեծ գիտակը: Թորամանյանի վերակազմությունը` Զվարթնոցը ներսից քառակուսի-քառաբսիդ-կենտրոնագմբեթ, դրսից կլոր համաչափություններով, եռաստիճան, աստիճանաբար նեղացող մի հոյակերտ է, որի երրորդ` վերջին աստիճանը, բազմանիստ գմբեթն է՝ իր վեղարաձև ծածկով: Ճարտարապետը տաճարի բեկորներից վերականգնել էր առաջին ու երկրորդ հարկերի, գմբեթի արտաքին բոլոր ճակատների ճարտարապետական ձևերը, մանրամասները, հարդարանքը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք